Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծրագրային առաջարկներ․ Համահայկական կոնգրես

Parliament - Panarmenian CongressԴեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու և հայության ակնկալիքն այն է, որ այդ ընտրությունները կլինեն վերջին տասնամյակների ընթացքում առաջին արդար ու անկաշառ պլեբիսցիտը՝ որպես գարնանը սկիզբ առած «հայկական հեղափոխության» տրամաբանական էպիլոգ։

Այսօր դեռ դժվար է գնահատական տալ «Սիրո և համերաշխության հեղափոխությանը», դա կանի միայն ժամանակը։ Եթե երկրում իրականացվեն ինստիտուցիոնալ լուրջ փոփոխություններ, որոնք «հեղափոխություն» կառաջացնեն քաղաքացու մտքի ու գործողությունների մեջ, ուրեմն մենք գործ ունենք իրական հեղափոխության հետ, իսկ եթե ոչ, ուրեմն 2018 թ․ ապրիլ-մայիսին տեղ գտած քաղաքական գործընթացները կդիտարկվեն որպես զուտ իշխանափոխություն։ Ամեն ինչ կախված է առաջիկա ընտրություններից ու դրան հետևող քաղաքական գործընթացներից։

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷԼԵԿՏՈՐԱԼ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․

Քաղաքական վերափոխումների տեսակետից հետնահանջ արձանագրվեց, երբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Ազգային ժողովը վիժեցրեց։ Արդյունքում դեկտեմբերյան ընտրությունները նորից կլինեն ոչ թե քաղաքական ծրագրերի միջև գաղափարական պայքար, այլ՝ կրկին անձնավորված ապաքաղաքական մրցակցություն, որի դեպքում լավագույն ռեսուրսը ոչ թե քաղաքական պրոֆեսիոնալիզմն է, այլ մեծ շրջապատի առկայութունը (եթե բացառում ենք անօրինական մեխանիզմները)։

Ովքեր կմասնակցեն ընտրություններին։

Հեղափոխական խանդավառության տրամաբանությամբ իշխող քաղաքական ուժը՝ «Իմ քայլը» դաշինքը, մրցակցությունից դուրս է, իսկ մնացյալ կուսակցություններն ու դաշինքները լուրջ խնդրի առջև է կանգնած․ 5-7 տոկոս ընտրական շեմի հաղթահարման տեսանկյունից քաղաքական ուժերի «գերլավատեսությունն» անգամ բավարար չէ։ Քաղաքական խաղաքարտերը խառնելու ներուժը վերապահված է միայն տարածքային ցուցակներով առաջադրվող անձանց․ արդյունքում՝ քաղաքական ուժերը ոչ թե մտածում իրենց նախընտրական ծրագրի մասին, այլ  մտահոգվում են «արժեքավոր» թեկնածուներ պեղելու համար։

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ․

«Իմ քայլը» դաշինքը նման իրավիճակում միակ քաղաքական ուժն է, որ ոչ միայն կարող է, այլև պարտավոր է պրոֆեսիոնալ նախընտրական ծրագրով հանդես գալ՝ որպես հեղափոխության առարկայական «պրոդուկտ»։ Այստեղ է, որ առաջանում են մի շարք առանցքային հիմնախնդիրներ, որոնց լուծում է պետք տալ․

  • Հայության ներուժի արդյունավետության բարձրացում, Համահայկական նախաձեռնությունների իրագործում,
  • Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացում, հայության տնտեսական ներուժի ընդլայնում,
  • Քաղաքացիական վերահսկողության գործուն համակարգի ձևավորում։

Այս երեք կետերը «հեղափոխության էքզիստենցիալ հիմքերն են», ինչպիսի նախագծեր կան այս ուղղությամբ մենք դեռ հնարավորություն կունենանք ճշտելու ընտրություններին մասնակցող կուսակցություններից ու դաշինքներից։

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ․

«Համահայկական կոնգրես» հասարակական կազմակերպության համար վերը նշված կետերը ռազմավարական  առաքելություններ են։ Որպես հայության ապագայի համար մտահոգ գործիչներ, մենք մեր լուծումներ ենք առաջարկում․

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ․

Փաստ է, որ Հայաստանի Հանրապետության  ու Արցախի Հանրապետության ռեսուրսները բավարար չեն ինքնաբավ պետականություն ունենալու համար, ինչը իրական անկախության առաջնային հենասյունն է։ Այս պայմաններում Հայաստանը մրցունակ չէ տարածքաշրջանի այլ դերակատարների (մասնավորապես ռեգիոնալ տերությունների համեմատությամբ), ավելին՝ եթե անգամ որևէ հրաշքով Հայաստանի ներուժը տասնապատկվի, դա էլ բավարար չէ մրցունակ լինելու համար (կարդացե՛քՀայաստանի դե յուրե «անկախ» հանրապետության զարգացման տեսլականը):

Հայաստանի միակ ապավենը մնում է Սփյուռքը, իսկ Սփյուռքն էլ ապավինում է մայր հայրենիքին։ Այստեղ է, որ պետք է դրսևորել հայության միասնականությունը, մշակել գործունեության համահայկական ռազմավարություն և կոնկրետ մարտավարություն (կարդացե՛քՀայաստան-Սփյուռք միասնականության ու ազգային նպատակների իրագործման ուղի

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ․

Համահայկական համակարգող կառույցի առկայությունն ու համահայկական նախաձեռնությունների կենտրոնների ձևավորում գործուն մեխանիզմ կլինի Հայաստանի տնտեսության զարգացման և համահայկական տնտեսական ցանցի ձևավորման համար՝ ներառելով արտադրությունից մինչև իրացման ամբողջական ցիկլը։ Հայաստանում ռիսկային համարվող ներդրումների փոխարեն անհրաժեշտ է կենտրոնանալ Սփյուռքի տնտեսական ակտիվացման վրա։

Կարևորագույն քայլերից է «իմպորտափոխարինման» քաղաքականության մշակումը և հատուկ պայմանների ստեղծումը կոնկրետ ոլորտներում արտադրության կազմակերպման համար, ինչը կարող է դիտարկվել արտոնյալ «սոցիալական ձեռներեցությունը» ձևաչափի մեջ (կարդացե՛քՀայաստան-Թուրքիա ասիմետրիկ առևտրաշրջանառությունն ու թուրքական ապրանքների «իմպորտափոխարինման» հնարավորությունները

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ․

Պաշտոնական չարաշահումներից խուսափելու, պետական համակարգի գործունեություն թափանցիկն ապահովելու, իրավունքների պաշտպանվածությունն երաշխավորելու համար անհրաժեշտ է ձևավորել քաղաքացիական վերսհսկողության գործուն ապակենտրոնացված համակարգ:

Քաղաքացիների նախաձեռնությունները, առաջարկները, բողոքները և հանրագրերը բարձրաձայնելու և ներկայացնելու համար անհրաժեշտ է միայն տեղեկատվական ցանց և գործունեության վայր։ Նմանատիպ նախաձեռնության իրականացման օրինակ է մեր կողմից ստեղծված «Քաղաքացիական վերահսկողության և նախաձեռնության հարթակը»։ Այսպիսի համակարգերի ձևավորման համար անհրաժեշտ է պետական աջակցություն՝ դրամաշնորհների ձևաչափով։

Այս առանցքային ծրագրային կետերի իրագործման պայմաններում զգալի նախադրյալներ կստեղծվեն Հայաստանի և հայության զարգացման, այլ հնարավոր խնդիրների լուծման ու ազգային նպատակների իրագործման համար։

***

«Համահայկական կոնգրես» հասարակական կազմակերպությունը պատրաստակամ է աջակցել այն քաղաքական ուժին, որը վերը նշված դրույթները կներառի իր նախընտրական ծրագրի մեջ և կունենա բավարար ներուժ դրանց իրականացման համար։


«Համահայկական կոնգրես» ՀԿ նախագահ, քաղաքագետ Արմեն Բադալյան

Հեռախոսահամարներ՝ +374․94․704․774, +374․77․704․774

Գրասենյակներ՝ ք․ Երևան, Լեռ Կամսարի 30/2, ք․ Գյումրի, Մհեր Մկրտչյան 49

Կայքեր՝ www.geopolitics.am, www.panarm.info, www.civil.panarm.info

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *