«Ազգային համերաշխության շարժում»

ARARAT MOVEMENT

Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետությունը քայլ առաջ կատարեց երկրում ժողովրդավարության կայացման, քաղաքացիական հասարակության ձևավորման և համազգային զարթոնքի ճանապարհին։ Հայկական թավշյա հեղափոխության այդ մեծ հաղթանակը Հայաստանի և համայն հայության զարգացման նոր շարժիչ ուժ պետք է դառնա։ Սակայն արդեն իսկ այսօր նշմարվում են ծայրահեղական մոտեցումներ ու գործողությունների կոչեր, որոնք անընդունելի են համազգային շահի տեսանկյունից։

Հասարակությունը ցնցող արտաքին ու ներքին սպառնալիքները կանխարգելելու, անդառնալի կորուստներ թույլ չտալու, առճակատումներից խուսափելու և ժողովրդի միասնականության արարչական էներգիան արդյունավետ ճանապարհով տանելու համար մենք հայտարարում ենք «ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ» ձևավորում։  Մեր պահանջներն են․

  • Հայաստանում իշխանությունը պետք է պատկանի միայն ժողովրդի կողմից լեգիտիմ ընտրված ներկայացուցիչներին,
  • Պետք է խուսափել հայ ազգի տարբեր տարրերի միջև ատելության քարոզից՝ ծայրահեղ գնահատականներից և դրանց հետևող գործողություններից,
  • Պետք է բացառել ցուցարարների, իրավապահ մարմիների ու հնարավոր այլ կողմերի միջև բախումները, հայի արյունը չպետք է թափվի,
  • Պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ որպես ստեղծված քաղաքական ճգնաժամի իրավական լուծում։
  • Հայաստանում պետք է արմատական վերափոխումների մեկնարկ ազդարարել սոցիալ-տնտեսական ու իրավա-քաղաքացիական արդարության հաստատման համար։

«Ազգային համերաշխության շարժումը» հայտարարում է, որ ավելի լավ Հայաստան ստեղծելու և ազգային իղձերի իրականացման համար անհրաժեշտ է հստակ մեխանիզմների ներդրում․

1 ՄԻԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՆՑՈՒՄ ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Խորհրդարանական ընտրություններից պետք է բացառվի բաց ցուցակով ընտրակարգը, արդյունքում՝ իրական պառլամենտարիզմի պայմաններում բազմակուսակցական համակարգի կերտումն անխուսափելի կլինի, իսկ իրական պլյուրալիզմը հարատև խթան կլինի ազգային ներուժի իրացման համար (Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխություններ)։

2 ՍՓՅՈՒՌՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԻՆ

Հայ ազգի ներուժի զգալի մասը կենտրոնացված է Սփյուռքում, հայության միասնական զարգացումն ապահովելու համար Սփյուռքը պետք է ներկայացված լինի Հայոց խորհրդարանում, այդ նպատակի համար անհրաժեշտ է ձևավորել խորհրդարանի Վերին պալատ (Սահմանադրական փոփոխություններ)։

3 «ՀԻՆԳԵՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» ՁԵՎԱՎՈՐՈՒՄ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Պետք է ձևավորել Համահայկական նախաձեռնությունների կենտրոնների ցանց, որոնք իրականացնելու են իշխանությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության գործառույթ՝ դառնալով «հինգերորդ իշխանություն», ինչպես նաև լինելու են քաղաքացիների լոկալ նախաձեռնությունների համակարգող կառույցներ՝ բիզնեսի ստեղծումից մինչև տարատիպ ձեռնարկների իրականացում (Սահմանադրական և օրենսդրական ամրագրում)։

Այս մեխանիզմների կիրառությունը գործուն հենք կլինեն Հայաստանում դրական վերափոխումների իրականացման, հզոր պետականության կերտման և համազգային խնդիրնորի ու պահանջների բավարարման համար։


Եթե դուք ևս կողմնակից եք ազգային համերաշխության պահանջին, միացե՛ք մեր ապակենտրոն շարժմանը։

Եթե ունեք ձեր դիտարկումները, կապնվեք մեզ հետ․

Պաշտոնական կայք՝ www.panarm.info

Լրատվական՝ www.geopolitics.am

Էլ․ փոստ՝ info@panarm.info

Հեռախոս՝ +374.94.704.774, +374.77.704.774

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *