Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովներ

Armenia - Diaspora forum - Panarmenian Congress

Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի համար կարևոր նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործում Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովման, Սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հայտնաբերման, համախմբման և արդյունավետ կիրառման նպատակներով կազմակերպվում են Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովները, որոնք Հայաստան-Սփյուռք գործակցության կարևորագույն հանգրվան են դարձել:

Համաժողովներին Սփյուռքից մասնակցում են համահայկական և համայնքային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, հոգևոր կառույցների և նրանց թեմերի առաջնորդները, սփյուռքյան լրատվամիջոցների խմբագիրներ, գործարարներ, մշակութային գործիչներ, հայտնի անհատներ և այլք:

Համաժողովին ներկա են գտնվում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահները, պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:

Համաժողովի հանդիսավոր բացմանը օրհնության խոսքով են հանդես եկել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, իսկ Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահը հանդես է եկել ելույթով:

Առաջին համաժողովը կազմակերպվել է 1999 թվականին: Այնտեղ առաջին անգամ սահմանվել են Հայաստանի և Սփյուռքի գործակցության զարգացման հայեցակարգերը, քննարկվել են ազգային շահերի, նպատակների ու խնդիրների համակարգված, միասնաբար առաջադրման և իրականացմանն առնչվող հարցեր: Սահմանվել են նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության սկզբունքները, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ազգային առաջնային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Երկրորդ և երրորդ համաժողովները կազմակերպվել են համապատասխանաբար 2002 և 2006 թվականներին:

Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի առանձնահատկությունը նախորդ երկուսի համեմատ այն էր, որ դրա ընթացքում քննարկվել է կոնկրետ գործնական խնդիր, այն է` Հայաստանի գյուղական համայնքների հատկապես սահմանամերձ, բարձրլեռնային և հեռավոր զարգացման ծրագիրը։

Նախորդ համաժողովներում հնչած հիմնական առաջարկություններից էր Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ստեղծումը:

ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումից ի վեր նոր հարթակ տեղափոխվեց Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացումը: Նախարարությունն ամփոփել է նախորդ երեք խորհրդաժողովի բոլոր նյութերը, հավաքել բոլոր հարցադրումները:

2008 թվականից, սփյուռքի նախարարությունը սկսեց աշխատանքներ իրականացնել բարձրացված հարցերին ընթացք տալու ուղղությամբ, դրանց մի մասը ներառված նախարարության տարբեր ծրագրերում:

Խորհրդաժողովներում հնչած առաջարկությունների հիման վրա ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտը, ընդլայնվեցին մասնագիտական ընկերակցությունները, կազմակերպվեցին տարբեր մշակությաին միջոցառումներ, ըստ տարածաշրջանների կազմակերպվեցին կրթամշակութային ծրագրեր և այլն:

2011 թվականին կազմակերպվեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական 4-րդ համաժողովը:

Համաժողովի աշխատանքներն ընթացան հետևյալ 4 ուղղություններով

  • «Լեզվի և կրթության հիմնախնդիրներ»,
  • «Երիտասարդության հիմնախնդիրներ»,
  • «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության մասին»,
  • «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերի մասին»:

2014 թվականին կայացած Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին մասնակցում էին աշխարհի 50 երկրներում ձևավորված տարածաշրջանային գրեթե բոլոր հանձնախմբերի պատասխանատուները:

Համաժողովում ընդունված հայտարարությունում սահմանվեցին համահայկական առաջնահերթությունները

  • Հզոր և ապահով Հայաստանի կառուցում
  • Անկախ և անվտանգ Արցախ
  • Կազմակերպված Սփյուռք
  • Հայոց լեզուն՝ որպես հայապահպանության կռվան
  • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
  • Համախմբում Հայ եկեղեցու շուրջ
  • Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգությունը:

Համաժողովների ընթացքում մասնակիցների կողմից արված հարցադրումները և առաջարկությունները հավաքագրվում են, դրանք ըստ ուղղությունների և առաջնահերթությունների դասակարգվում են, կազմվում է դրանց իրականացման ժամանակացույց: Յուրաքանչյուր համաժողովին մասնակիցներին բաժանվում են նախորդ համաժողովում հնչած առաջարկությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Հայաստան-Սփյուռք 4-րդ և 5-րդ համահայկական համաժողովների ընթացքում Հայոց ցեղասպանության թեմային առնչվող բարձրացված հարցերն ու առաջարկությունները հանգամանորեն մշակվել են և իրականացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի նախաշեմին 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվեց «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական վեցերորդ համահայկական համաժողովը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *