Մասնագիտական վերապատրաստման և աշխատատեղերի ստեղծման նախաձեռնություն

New jobs - Panarm«Համահայկական կոնգրեսը» մշակում է «Մասնագիտական վերապատրաստման և աշխատատեղերի ստեղծման ծրագիր»:

Կազմակերպվելու են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ (մասնագիտական ինքնորոշում, վեբ ծրագրավորում, ընդհանուր համակարգչային հմտություններ, մարքեթինգ, գովազդ, բիզնես-պլան, լրագրություն, մարդու իրավունքների պաշտպանություն, կայուն տուրիզմ, զբոսավարություն, պատմամշակութային ժառանգություններ և այլն): Դասընթացները կարող են մշտական բնույթ կրել, անհրաժեշտության դեպքում դրանք կարող են կազմակերպվել «e-learning» տարբերակով (ինչն առավել կարևոր կլինի ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց համար):

Օրինակ առաջնահերթ նախատեսում ենք կազմակերպել վեբ ծրագրավորման ու մարքեթինգի դասընթաց, որն ավարտելուց հետո մեր սաները կաշխատեն կազմակերպության կողմից հիմնվելիք «Կայքերի պատրաստման ու սպասարկման կենտրոնում», որն իր համալիր ծառայությունները կառաջարկի հանրապետությունում գործող տարբեր հաստատություններին. դրանով կստեղծվեն մի շարք աշխատատեղեր: Նույն մեխանիզմով աշխատատեղեր ու կենտրոններ կստեղծվեն նաև այլ մասնագիտություններով:

Այս տարբերակն արդյունավետ կաշխատի անգամ փոքր ֆինանսական ներդրումների դեպքում, իսկ հետագայում կյանքի կոչվեն արդեն ավելի լայնամասշտաբ ձեռնարկներ՝ արտադրություններ (կոշիկ, հագուստ, հյութեր, սննդամթերք, անգամ շինանյութ և այլն), որոնք բոլորը կաշխատեն սոցիալական բիզնեսի սկզբունքով:

Մենք նախաձեռնում ենք երկարատև սոցիալական ծրագիր, որը վերջնական հաշվով կլուծի մի շարք անձանց սոցիալական խնդիրները:

Ի՞նչ սոցիալական նորարարություն ենք առաջարկում:

Ցանկացած նորարարություն արժեք ունի այնքանով, որքանով հնարավորություն է տալիս հասարակությունն ավելի լավը դարձնելու: Իսկ երբ խոսում ենք սոցիալական նորարարության մասին, պետք է հասկանանք սոցիալական արդարության հաստատման մեխանիզմ: Թեև տնտեսվարման բոլոր եղանակներից յուրաքանչյուրը խոսում է արդարության իր պատկերացումների մասին, սակայն հազիվ թե մոնոպոլիան հնարավոր լինի արդար համարել, չնայած դա կապիտալիզմի ուղղակի ազդեցության արդյունքն է: Մյուս կողմից սոցիալիստական-կոմունիստական համակարգերը թեև ունեն սոցիալական արդարության իրենց պատկերացումները, սակայն թերի են այնքանով, որքանով քաղաքացին չի ընկալում իր դերն ու ազդեցությունն այդ համակարգերի պայմաններում, արդյունքում ընդհանուր շահի գիտակցությունը կրկին մղվում է երկրորդ պլան: Սոցիալական բիզնեսը համադրում է կապիտալիզմի ու սոցիալիզմի սկզբունքային տարրերը. սոցիալական բիզնեսը միասնական ջանքերով արդար հասարակություն ձևավորելու մեխանիզմ է, որտեղ սեփական եկամուտների աճը հնարավոր է միայն համակարգի հետ միասին, այսինքն եթե կազմակերպության շահույթը աճում է, ուրեմն մեծանում է նաև դրանում ներգրավված յուրաքանչյուր անձի եկամուտները: Դրա համար մենք առաջարկում են, որ աշխատակիցների վարձատվությունը սահմանվի նվազագույն և առավելագույն շեմի հարաբերակցությամբ (ընդունենք՝ 1:2-ի), այսինքն եթե ձեռնարկության տնօրենը ստանում է N չափի աշխատավարձ, ապա ձեռնարկության նվազագույն աշխատավարձը չի կարող դրանից երկու անգամ պակաս լինել, իսկ աշխատավարձերի բարձրացումը հնարավոր է միայն ձեռնարկության եկամուտների աճի դեպքում:

Հաջորդ մեխանիզմը ձեռնարկության ղեկավարության ընտրությունն է, որն արդեն կարվի ներքին ժողովրդավարության հիմունքներով: Ձեռնարկության ղեկավարին ընտրում են աշխատակիցները, յուրաքանչյուրը կարող է ստանձնել այդ գործառույթները (եթե ունի բավարար գիտելիքներ ու հմտություններ), իսկ դժգոհությունների առկայության դեպքում ձեռնարկության ղեկավարը կարող է փոխարինվել: Այս մեխանիզմի ներդրմամբ հավասար հնարավորություններ են ստեղծվում բոլորի համար, որը կարող է դրդել նաև մասնագիտական կարողությունների ընդլայնմանն ու ձեռնարկության աշխատակիցների ներքին մրցակցությանը:

Այս գաղափարների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացման մոտիվացիան մշտական կլինի ու կնպաստի զարգացմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *