Հայի արյունն այլևս չպետք է թափվի. ազգային համերաշխության կոչ (Համահայկական կոնգրես)

Panarm - Yerevan 17.07.2016Համահայկական կոնգրեսի հայտարարությունը հուլիսի 17-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վերաբերյալ:

Հուլիսի 17-ին Ժիրայր Սեֆիլյանի աջակցություն ցուցաբերող «Սասնա ծռեր» խմբավորումը իրենց բնորոշմամբ նախաձեռնեց «զինված ապստամբություն» (գրավվել է ոստիկանության շենք), արդյունքում կան վիրավորներ, պատանդներ և անգամ զոհ: Կազմակերպիչներն առաջնային պահանջ են դնում ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, որն ըստ երևույթին պետք է լինի առաջին քայլը, իսկ իրենց գործողությունների հետագա ընթացքը կախված է դրանից. վերջնական նպատակ է հայտարարվում նախագահի հրաժարականը:

Ժողովրդի աջակցությունը.

«Սասնա ծռեր» ջոկատի ներկայացուցիչներն ակնկալում էին, որ իրենց կմիանան քաղաքացիները և իրենք հնարավորություն կունենան պահանջներ թելադրելու իշխանություններին: Սակայն երբ խոսվում է «զինված ապստամբության» մասին, որը ի սկզբանե չափազանց բացասական է ընկալվում, ակնկալել ժողովրդական մեծ զանգվածների աջակցությունը անհիմն է, թերևս ներկա իրավիճակը որևէ ձևով նման արմատական փոփոխությունների նախադրյալներ չի պարունակում: Հետևանքում աջակցություն հայտնող ժողովրդական զանգված չկոնսոլիդացվեց:

Քաղաքացիների դիրքորոշումը.

Ակնհայտ է հասարակության տրամադրության բևեռացում: Շատերը քննադատում են կազմակերպիչների այս անհեռատես գործողությունները, որոնց արդյունքում թափվել է հայի արյունը: Իսկ ոմանք էլ, դժգոհ լինելով Հայաստանում առկա սոցիալ-քաղաքական իրավիճակից, իրենց համակրանք են հայտնում թեկուզ զինված նախաձեռնություններին: 

Սակայն անհիմն ենք համարում քաղաքացիների փոխադարձ մեղադրանքները, քննադատություններն ու բարոյախրատական գնահատականները: Փաստ է, որ նման տարաբաժանումն առաջացնում է միայն մեր ոսոխների հրճվանքը, ուստի հնարավոր ու անհնարին ամեն բան պետք է անել իրավիճակը հարթելու համար:  

Իրավիճակը խրթինությունը.

Խնդիրն այնքանով է բարդանում, որ ունենք զոհ, այսինքն ոմանք պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առաջ, ու հենց այդ հանգամանքն իրավիճակն ավելի է անկայունացնում: Չես կարող վստահ լինել, թե կազմակերպիչներն ինչ քայլերի կարող են դիմել, ընդհուպ մինչև ծայրահեղ միջոցների, որոնք կարող են հանգեցնել նոր կորուստների: Մեր նպատակն է բացառել իրադարձությունների նման հնարավոր զարգացումը:

Ինչպես կարող է իրավիճակը լուծվել.

Կազմակերպիչները պետք է հստակ ձևակերպեն իրենց պահանջները ու փորձեն գնալ երկխոսության, քանզի պարզ է, որ հայտարարված «ապստամբությունը չի կայացել»:

Իշխանություններն էլ պետք ներկայացնեն իրավիճակի կարգավորման ճանապարհը՝ քայլերի հերթականությամբ, որպեսզի կազմակերպիչները նահանջելու տեղ ունենան:

Եթե լինի փոխադարձ համաձայնություն, ապա խնդիրը քաղաքակիրթ ձևով կկարգավորի, նոր արյուն չի թափվի, իսկ կատարվածի համար հետագա պատասխանատվությունը կլինի միայն օրինական դաշտում:    

Համահայկական կոնգրես

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *