Սպորտային անարդարությունների հիմնախնդիրը

Փաստեր. Արմեն Բադալյանի հետ.

«Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ». օլիմպիական խաղերի այս կարգախոսը  հստակ ցույց է տալիս սպորտի մրցակցային բնույթն ու հաղթանակի ձգտումը: Սակայն ամեն ինչ չէ, որ սպորտում արդար է, քանի որ միջազգային սպորտը ամբողջությամբ ուծացված է քաղաքականությամբ: Սպորտը չէր ունենա մերօրյա մասսայականությունն ու կարևորությունը, եթե չլիներ քաղաքական գործոնը՝ եթե մարզիկները պայքարեին միմյանց դեմ առանց երկիր ներկայացնելու, այսինքն հաղթանակներն ու պարտությունները չվերագրվեին որևէ պետության, չբարձրացվեին հաղթող երկրների դրոշները: Ի վերջո եթե կիրառվում է պետության խորհրդանիշները, ուրեմն դա արդեն չի կարող քաղաքականություն չլինել:

Սպորտի միջոցով պետությունները ցույց են տալիս իրենց ներուժը դրա համար դիմում են տարբեր միջոցների հաղթանակների հասնելու և սեփական երկրում սպորտային խաղեր կազմակերպելու համար:  Այսօր ցանկացած երկրի համար մեծ պատիվ է ընդունել օլիմպիական խաղերը կամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:  Այն դառնում է պետական ուղղորդված քաղաքականություն, որի համար միլիարդավոր դոլարներ են գործի դրվում: Թեև շատ դեպքերում այդ գումարները չհնարավոր էլ չի լինում ետ բերել, այսինքն ողջ ջանքները արվում են միայն երկրի PR-ի, միջազգային վարկանիշի համար:

Այս առումով աչքի է ընկնում հատկապես մեր հարևան Ադրբեջանը, որը ամեն  կերպ ձգտում է գնել այս կամ այն խաղերի անցկացման հնարավորությունը: Վերջին ակներև օրինակը 2015 թ. Եվրոպական խաղերին էին, որի անցկացման համար Ադրբեջանը մի քանի միլիարդ է վատնել, հստակ թիվ չկա, քանի որ պարզ չէ, թե Ալիևն ում որքան կաշառք է տվել: Ադրբեջանն ակնկալում էր, որ առաջին Եվրոպական խաղերը Բաքվում անցկացնելու իրողությունը կհավերժանա պատմության մեջ, միայն թե մեկ տարի անց պարզվեց, որ առաջին խաղերը կարող են վերջինը լինել: Իսկ սեփական ժողովրդի զրկանքների հաշվին արտաքին լեգիմիտության ձգտող իշխանությունների ակնկալիքները հօդս ցնդեցին:

Ադրբեջանին մնաց մի քանի մետաղի կտոոր, այն էլ նորից կաշառքով գնված: Բոլորին է պարզ, որ եթե չլիներ քաղաքականության միջամտությունը և ֆինանսական աջակցությունը, երբևէ Ադրբեջանն ավելի բարձր հորիզոնականներում չէր հայտնվի, քան ասենք Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան կամ Մեծ Բրիտանիան: Ու եթե ամեն ինչ արդար լիներ, Բաքվում վստահաբար կհնչեր Հայաստանի օրհներգը:

Սպորտ որպես միջազգային քաղաքական գործիք.

Սպորտը դարձել էր նաև արտաքին քաղաքականության գործիք: Օրինակ՝ անընդունելի համարելով ԽՍՀՄ զորքերի մուտքը Աֆղանստան 1979 թվականին՝ Արևմուտքը հաջորդ տարի բոյկոտեց Մոսկովյան օլիմպիադան. թվով 64 երկրներ չմասնակցեցին այդ խաղերին: Ի պատասխան արդեն հաջորդ օլիմպիադայի ժամանակ, որն անցկացվեց 1984 թվականին Լոս Անջելեսում սոցիալիստական ճամբարի երկրները հրաժարվեցին մասնակցել: Այդպիսի երկկողմանի ատելության քաղաքականության արդյունքում տուժողը միայն մարզիկներն էին, ի վերջո շատերին ողջ կյանքում կարող միայն մեկ անգամ հնարավորություն ընձեռվել մասնակցելու օլիմպիական խաղերին:

Ժամանակակից պայմաններում սպորտն ավելի հաճախ է դառնում ռազմաքաղաքական բախումների «այլընտրանք», այն հնարավորություն է տալիս ժողովրդի մոտ կուլմինացված լարվածությունը թոթափել: Մեկ առավելությամբ, որ մարզական մրցումների ժամանակ «բարեկամ»-«թշնամի» տարաբաժանումը արտահայտվում է ավելի քաղաքակիրթ ձևով, քան ռազմի դաշտում: Թեև  սպորտային բախումները ևս բացառված չեն, բայց դա հիմնականում անարդարության պատճառով է լինում:

Հայ մարզիկների ձեռքբերումները սպորտում.

Մեր երկրի համար ևս սպորտը մեծ կարևորություն է ունեցել, մենք ստեղծել ենք նաև ազգային ըմբշամարտ՝ կոխ: Ի դեպ դեռ 281 թ. օլիմպիական խաղերում հենց ըմբշամարտից հաղթանակ է տարել Տրդատ Երրորդ թագավորը: Իսկ 394 թվականին Վարազդատ Արշակունի թագավորը հաղթող է դարձել բռնցքամարտով: Այսինքն օլիմպիական խաղերը Հայաստանի համար այնքան են կարևորվել, որ անգամ արքաներն են մասնակցել դրանց:

Ժամանակակից հայկական սպորտն ամբողջությամբ սերում է խորհրդային համակարգից: Մենք ունեցել ենք աշխարհի ու եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ: 1952-1988 թվականներին հայազգի Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Վլադիրմիր Ենգիբարյանը, Էդուարդ Ազարյանը, Յուրի Վարդանյանը, Օգսեն Միրզոյանը, Լևոն Ջուլֆալակյանը օլիմպիական խաղերում բարձրացրել են ԽՍՀՄ դրոշը: Ու նրանց ժառանգությունը շարունակություն է ստացել անկախության տարիներին:

Արդեն 1992 թ. Բարսելոնայի օլիմպիական խաղերին նորանկախ Հայաստանի Հանրապետությունը տվեց երեք օլիմպիական չեմպիոն՝ Էդուարդ Միլիտոսյան, Մնացական Իսկանդարյան, Հրաչյա Պետիկյան: Սակայն այդ ժամանակ Հայաստանի դրոշը չբարձրացվեց, քանի որ մարզիկները հանդես էին գալիս այսպես կոչված «Միասնական թիմով»՝ նախկին ԽՍՀՄ երկրների հավաքականով:

Միայն 1996 թ. Ատլանտայում առաջին անգամ բարձրացվեց հայոց եռագույնը. ըմբիշ Արմեն Նազարյանը դարձավ  օլիմպիական չեմպիոն: Ու ցավոք մեր հայրենի իշխանությունների ոչ սրտացավ քաղաքականության արդյունքում արդեն հաջորդ օլիմպիական խաղերին Արմեն Նազարյանը բարձրացրեց Բուլղարիայի դրոշը՝ հանդես գալով այդ հավաքականի կազմում, իսկ Հայաստանը մինչև օրս օլիմպիական ոսկի չի վաստակել:  Բացառությունը միայն Շախմատի օլիմպիադան է, որտեղ հայ գրոսմաստերները վերջին 10 տարում երեք անգամ հռչակվել են չեմպիոններ:

Ընդհանուր առմամբ անկախության տարիներին մեր երկրի մարզիկները 15 օլիմպիական մեդալ են ստացել՝ 4 ոսկի, 2 արծաթ և 9 բրոնզ, որից գրեթե կեսը՝ 2 ոսկի 1 արծաթ և 4 բրոնզե մեդալ միայն գյումրեցի մարզիկների ձեռքբերում է: Ակներև է, որ հենց Գյումրին է Հայաստանի սպորտային մայրաքաղաքը: Սակայն սա միայն բառերով չէ, որ պետք է  հնչեն, այսքան հաջողություններից հետո պետությունը պետք է քայլեր ձեռնարկեր մեր համաքաղաքացիների ներուժն ավելի արդյունավետ կիրառելու համար:

Այսպես արդեն վաղուց ոչ միայն Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, այլև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ու ազգային ֆեդերացիաների մեծամասնությունը պետք է տեղափոխվեին Գյումրիում: Որը ոչ միայն խթան կհանդիսանար սպորտի զարգացման, մարզիկների պատրաստման ենթակառույցների ձևավորման համար, այլևս  գործուն մեխանիզմ կլիներ հանրապետության ապակենտրոնացման, զբաղվածության խթանման անգամ տեղական ինվեստիացիաների համար:

Իհարկե ենթակառույցների գոյությունը կարևոր նախադրյալ է, սակայն երբեմն բավարար չէ հաղթանակների հասնելու համար, քանի որ գործին միջամտում է կոռուպցիան, երբեմն պետական մակարդակով:

Սպորտային անարդարությունները.

Տարբեր միջազգային մրցումների ժամանակ մենք հաճախ ականատես ենք մրցավարների կողմնապահությանը, որից առաջնահերթ տուժում են մեր մարզիկները: Վերջին դեպքը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտում պարտությունը տարամեկնության պատճառ դարձավ:

Փաստ է, որ մասնավորապես ըմբշամարտում մրցավարների կողմնակալ վերաբերունքը մարզիկի համար կարող է ճակատագրական լինել: Հաշվի առնելով այդ իրողությունները՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն անգամ մտադրված էր արդեն 2020 թվականից ըմբշամարտը հանել օլիմպիական մարզաձևերի ցանկից: Սա իհարկե հատկապես հայրենական սպորտի համար մեծ հարված կլիներ, քանի որ մեր օլիմպիական նվաճումների առյուծի բաժինը հենց այդ մարզաձևից է: Այս հարցը դեռ կասեցված է, բայց զանցանքների շարունակականության դեպքում այն կդառնա իրողություն:

Շատ դեպքերում մենք բողոքում ենք միջազգային ասպարեզում տեղ գտած անարդարություններից, սակայն նույնպիսի անօրինություններ են իրականացնում մեր երկրի ներսում, ու մասնավորապես դա վերաբերում է կադրային քաղաքականությանը: Անարդար մրցակցության արդյունքում երբեմն Հայաստանը արտերկրում ներկայացնում են ոչ թե ամենաուժեղները, այլ նորից կոնկրետ մարզաձևի ֆեդերացիայի ղեկավարության շրջանում մտերիմներ կամ ֆինանսական մտերիմներ ունեցող մարզիկները: Ու թույլերը ներկայացնում են մեր երկիրը, սա արդեն «սպոևտային տուրիզմ» է, այլ ոչ թե իրական արդարություն:

Ի վերջո եթե Հայաստանի ներսում տեղի են ունենում նման անարդարություններ, ուրեմն միջազգային ասպարեզում ակնկալել, որ արդար կլինի ամեն ինչ, առնվազն միամտություն է: Նման արատավոր երևույթները նախ պետք է բացառենք մեր երկրից, որ արտերկրում էլ կարողանանք հավուր պատշաճի պայքարել արդարության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *